Ծառուկյանին վերաբերող բռնաբարության գործի նյութերը հրապարակելու դեպքով քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News     

Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող բռնաբարության գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը, տարածելը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Նրա փոխանցմամբ՝ քրեական գործն ուղարկվել է ՔԿ։

Հիշեցնենք, որ Ծառուկյանին վերագրվող բռնաբարության դռնփակ նիստի նյութերը հրապարակվեցին, երբ նա հունիսի 5-ին քննադատեց իշխանությունների հակահամաճարակային գործողությունները նշելով, որ այն տապալել են: Գ.Ծառուկյանը նշել էր, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում բարձրացնելով իշխանությունների 100 տոկոսի փոփոխության հարց:

Նախ՝ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում նախազգուշացրեց քրեական գործերի մասին՝ նշելով, թե Գագիկ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Իսկ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքում հանդես էր եկել մեկ այլ գրառմամբ՝ նշելով՝ «Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի: Այո կամ ոչ»։

Այս հայտարարություններին հաջորդեցին Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ խմբակային բռնաբարության գործի փաստաթղթերի տարածումը սոցիալական ցանցերով։ Ընդ որում՝ դրանց տարածմանը նպաստել են նաեւ կառավարության անդամներ, պատգամավորներ, մարզպետներ։ 

Մանարամասները՝ սկզբնաղբյուրում։

 --0—ՄՀ