Հարավային Կովկասում Թուրքիան դարձել է ավելի ռազմատենչ. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News 

քաղաքական

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայի գործողություններին:

Հայտարարությունում ասվում է. «Վերջին շաբաթներին աշխարհասփյուռ հայությունը ականատես է Թուրքիայի կողմից հայության դեմ դրսեւորված ատելությամբ լի հրահրումների եւ թշնամական գործողությունների՝ Թուրքիայում, Հարավային Կովկասում եւ ողջ աշխարհում:

Այս սադրանքներից առավել ուշագրավները տեղի ունեցան Լիբանանում, արձանագրվեցին հրահրումներ ու բողոքի ցույցեր, որոնք կազմակերպվել էին Անկարայի եւ, հայ ազգի դեմ ցեղասպանական մտադրությունների հարցում նրա հետ դաշնակցած, առանձին շրջանակների կողմից: Այս թշնամանքի մասին ուշագրավ ձեւով ծանուցվեցին նաեւ Էրդողանի կառավարության հրապարակային հայտարարություններով, երբ դիտել տրվեց, որ Թուրքիայի Բարձրագույն խորհրդատվական խորհուրդը հինգ ժամ տեւած նիստ է հատկացրել Հայոց ցեղասպանության ճշմարտացի, արդար եւ համապարփակ միջազգային լուծման ուղղությամբ «Հայկական լոբբիի» առաջխաղացմանը խոչընդոտելու հարցին:

Հարավային Կովկասում Թուրքիան դարձել է ավելի ռազմատենչ՝ հետեւողականորեն մեծացնելով լարվածությունը, ձգտելով ահաբեկել Հայաստանին ու Արցախին, ուղղակիորեն ու անուղղակիորեն ավելի մեծ աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանի ագրեսիային եւ առավել ռազմականացնելով պատմական հայկական Նախիջեւանը:

Ընդհանուր առմամբ, Թուրքիան ընդարձակել է իր ապակայունացնող գործողությունները ամբողջ Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆիկայում:

Վերջին երեք տասնամյակներին իրավիճակն այնպիսին է, որ Անկարայի յուրաքանչյուր հակահայ  սրացմանը Բաքուն արձագանքում է համապատասխան կերպով՝ ագրեսիվ քաղաքականությամբ, սահմանային գրոհներով, զինադադարի խախտումներով, մարդկային իրավունքների ոտնահարմամբ, պատմական կեղծիքներով ու ատելության հրահրումներով, որոնք վերջին շաբաթներին դատապարտվեցին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը, համագործակցաբար աշխարհասփյուռ իր ցանցի եւ համախոհ գործընկերների հետ, շարունակում է ուշադրությամբ հետեւել այս սադրանքներին եւ անկասելի մնալ իր հիմնական առաքելության իրականացման մեջ՝ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգության ապահովում, աշխարհասփյուռ հայության շահերի պաշտպանություն եւ ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի իրականացման հետապնդում։ 

--0--ԿԿ