Ինչո՞ւ է «Էրեբունի» ԲԿ-ից դուրս գրվածի հիվանդության պատմության մեջ գրվել մահ. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 24, 24News

էրեբունի

«Էրեբունի» ԲԿ-ն պարզաբանում է, թե ինչում է ողջ մարդու հիվանդության պատմության մեջ «մահ» բառը գրվել:

«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը երեկոյան տեսանյութ էր հրապարակել, որի առիթով հայտնում ենք հետևյալը. Հիվանդը «Էրեբունի» ԲԿ -ի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել աորտայի շերտազատվող անևրիզմայով: Վերակենդանացման բաժանմունքում նրա վիճակը կայունացվել է, հրավիրվել է անոթային վիրաբույժ: Ծանր սոմատիկ պատճառները հաշվի առնելով՝ որոշվել է չգնալ վիրահատության, քանի որ վիրահատական միջամտությունը կարող էր հիվանդի կյանքի հետ անհամատեղելի դառնալ: Հիվանդի հարազատները հրաժարվել են հետագա բուժումից, և հիվանդը դուրս է գրվել:

Ինչ վերաբերում է #COVID-19 թեստին, նշենք, որ «Էրեբունի» ԲԿ հոսպիտալացվող յուրաքանչյուր հիվանդից կատարվում է նմուշառում, որն ուղարկվում է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ լաբորատորիա: Թեստի պատասխանը ստացվել է մեկ օր հետո՝ դրական: Այսինքն՝ հիվանդանոց մուտք գործելուց հիվանդն արդեն իսկ ունեցել է նոր կորոնավիրուսային վարակ:

Ինչ վերաբերում է հիվանդության պատմության մեջ նշված «մահ» բառին, հայտնում ենք, որ դա վրիպակ է՝ պայմանավորված վերակենդանացման բաժանմունքի գերծանրաբեռնվածությամբ: Նույն փաստաթղթի մեջ նշված է նաև, թե առողջական ինչ վիճակով է հիվանդը բժշկական կենտրոնից դուրս գրվել»,-նշվում է ԲԿ-ի պարզաբանման մեջ:

--00—ԼՄ