Նախագահը չի կարող որևէ կերպ հրաժարվել իր սահմանադրական լիազորություններից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News 

քաղաքական

Դասական սահմանադրական իրավունքի անհերքելի պահանջներից է, որ Նախագահը (անկախ կառավարման համակարգի տեսակից) լիազորություն ունի օրենսդիր մարմնի՝ օրինաստեղծ գործունեությանը բնորոշ ընթացակարգով (անկախ դրա տարբերակվածության աստիճանից) ընդունած նորմատիվ ակտերը (անկախ տերմիններից կամ այդ ակտերի անվանումից՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ, սահմանադրական օրենք և այլն) ստորագրելու կամ չստորագրելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրական բարեփոխումների գործող հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը:

«Նախագահը նման լիազորություն չունի միայն ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված ակտերի՝ Սահմանադրության կամ օրենքների դեպքում: Իրավական տրամաբանությունն այն է, որ Սահմանադրական պետությունը իրավասու չէ հաստատել կամ չհաստատել ժողովրդի կամահայտնության արդյունքները: Այս նույն տրամաբանությունը չի կարող աշխատել Պառլամենտի ընդունած նորմատիվ ակտի պարագայում: Այս դեպքում պետության գլուխը ունի ասելիք, և այս ամենը ունի դարերի պատմությունը և, իմ տվյալներով, որևէ մեկի մտքով չի անցել այն կասկածի տակ դնել:

Շատ պարզ ճշմարտություններ են՝

1. ԱԺ օրինաստեղծ գործունեության արդյունքում ընդունված ցանկացած նորմատիվ ակտ պետք է ուղարկել Նախագահի քննարկմանը:

2. Նախագահը չի կարող որևէ կերպ հրաժարվել իր սահմանադրական լիազորություններից (սա մասնավոր անձի իրավունք չէ, որ ով ուզի հրաժարվի կամ իրացնի): Նախագահը ի պաշտոնե պարտավոր է գործադրել իր սահմանադրական լիազորությունները, իսկ դրանց խախտման վտանգի դեպքում՝ ձեռնարկել կանխարգելիչ համապատասխան միջոցներ:

3. Սահմանադրական իրավունքի ոլորտի իրավաբան-գիտնականին «անաչառ իրավաբանի դերում մնալու» կոչի փոխարեն, առավել օգտակար կլիներ կամ նշել կոնկրետ փաստարկներ կամ կրկին թերթել Նախագահի ինստիտուտի սահմանադրական զարգացման պատմությունը, որի արդյունքում մի գուցե շատ բան կլուսավորվի»,-գրել է Արթուր Ղամբարյանը:

--0--ԿԿ