Կրակոց՝ Երևանում. Գրողների միության շենքի մոտից հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News

կրակոց

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 20-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով, որի ժամանակ հնչել է կրակոց։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ժամը 18։00-ի սահմանում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի մոտ, կրակոց է հնչել։

Մինչ ոստիկանները տեղում պարզում էին դեպքի հանգամանքները, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում Արաբկիրի ոստիկանություն, որ «այտային շրջանում և ձախ աչքի վերին կոպի պատռվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Կարեն Ղ.-ն է, և որ նա Գրողների միության մոտ հնչած կրակոցի հետևանքով է վնասվածք ստացել։

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում առաջին անհրաժեշտության բուժօգնություն ստանալուց հետո նա «ձախ աչքի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա։

Պարզվել է, որ Կարեն Ղ.-ի հետ Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության մոտ, վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչ Դենիս Ա.-ն, որի ժամանկ էլ վերջինս իր մոտ եղած ատրճանակով կրակել է Կարեն Ղ.-ին՝ պատճառելով վնասվածք։

Աղբյուրը նաև հայտնում է, որ հունիսի 22-ին Դենիս Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ 

--00—ԼՄ