Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News

արփինե

ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետը, որը դեռ չի հրապարակվել: Ըստ այդմ՝ եթե իշխանությունը չի դիմում ՍԴ, ապա այդ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի՝ իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին:

«Եթե, այն ինչ հրապարակվել է մամուլում սահմանադրական հեղաշրջման մասով, ապա՝

Հարգե՜լի խորհրդարանական ընդդիմություն,

Ձեզ եմ ներկայացնում Վենետիկի հանձնաժողովի՝ այսօր հրապարակվելիք կարծիքի 60-րդ կետը, որտեղ բառացիորեն նշված է, մեջբերում եմ.

«Հայաստանի Սահմանադրության 168 (2) և 169 (2)-րդ հոդվածները նախատեսում են սահմանադրական փոփոխությունների սահմանադրական վերանայումը (ստուգումը): 168(2)-րդ հոդվածը, սահմանում է, որ Սահմանադրական դատարանը մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Նման վերանայման (ստուգման) ՊԱՐՏԱԴԻՐ բնույթը հստակորեն սահմանված է 169 (2) հոդվածում, որի համաձայն՝ Ազգային ժողովը 168(2) հոդվածով նախատեսված դեպքերում դիմում է (պետք է դիմի) Սահմանադրության փոփոխության հարցով»:

արփինե

Պետք է նշել, որ հաջորդիվ տեքստում (69) Հանձնաժողովը նշել, է, որ եթե Սահմանադրությունը, ինչպես օրինակ՝ Հայաստանի Սահմանադրությունը, նախատեսում է նման ex ante (նախնական) վերնայման հնարավորություն, ապա նման կանոնը պետք է պահպանվի:

Հարգելի' պատգամավորներ,

Այլ կերպ ասած, եթե դուք չեք դիմում Սահմանադրական դատարան, (ինչ խուճուճ ու ախմախ հիմնավորմամբ էլ դա լինի) ապա Ձեր արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին:

Իշխանափոխությունից հետո տարբեր դրվագներով տարբեր մարդիկ բազմիցս տապալել են սահմանադրական կարգը, բայց նման հավաքական կերպով իշխանություն յուրացնելու և սահմանադրական կարգ տապալելու դեպք դեռևս չի եղել:

Անիրավության այսքան բարձր նշաձող երբևէ դեռևս չի սահմանվել:

Ավելին, առանց սահմանադրական վերահսկողության սահմանադրական փոփոխությունները միանգամից ապալեգիտիմացնում է նաև հետագայում ընտրվելիք ՍԴ դատավորներին:

Հարգե՜լի խորհրդարանական ընդդիմություն

Եթե դուք իրապես հետևողական եք ձեր քաղաքական առաջնայնություններում և պայքարում, ապա վստահաբար կարող ենք արձանագրել, որ, չդիմելով Սահմանադրական դատարան, դուք ևս մասնակից կդառնաք իշխանության կողմից բեմադրված հերթական խայտառակությանը՝ անկախ այն հանգամանքից՝ կո՞ղմ կքվեարկեք նախագծին, թե՞՝ ոչ:

Հարգելինե՜ր

Այս նախագիծը այլևս արտակարգ դրության հետ կապ չունի: Նախագծի ընդունումը կամ չընդունումը Հայաստանի միջազգային իրավական հեղինակության հարցն է: Մի՛ հանդուրժեք, որ այն հերթական անգամ իշխանության կողմից տրորվի:

Կից նկարում՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետը։ Ժամեր անց այն կլինի հրապարակային։ Մեկնաբանություններում ձեզ համար կտեղադրեմ նաև վերաբերելի կետերը»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը։

--00—ԼՄ