Այսօր ձեր մասնագիտական տոնն է, նաև՝ մեր շնորհակալության օրը․ նախագահի ուղերձը՝ բժիշկներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News    

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է բուժաշխատողներին։ Նախագան ուղերձում մասնավորապես ասել է․

«Սիրելի՛ բուժաշխատողներ,

Շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։

Այսօր ձեր մասնագիտական տոնն է, բայց նաև՝ մեր շնորհակալության օրը։ Ես միանում եմ ձեր հասցեին հնչող երախտագիտության բոլոր խոսքերին և ասում.

Շնորհակալությո՛ւն, բժիշկ,

Շնորհակալությո՛ւն, բուժքույր ու բուժեղբայր,

Շնորհակալությո՛ւն, մայրապետ ու սանիտար,

Շնորհակալությո՛ւն, շտապօգնության վարորդ և տեխնիկական աշխատակիցներ,

Շնորհակալությո՛ւն, ապագա բժիշկ, որ ուսումդ ժամանակավոր փոխարինել ես քո ապագա տնով՝ հիվանդանոցով․․․

Շնորհակալություն, բուժհիմնարկների ղեկավարներ:

Շնորհակալությո՛ւն բոլորիդ։

Որևէ գնահատական չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ դուք անում եք հատկապես այս օրերին։ Համավարակի հետևանքով ստեղծված համաշխարհային խառնաշփոթի մեջ կա մի անձեռնմխելի արժեք։ Դա հարգանքն ու խոնարհումն է ձեր առջև, սիրելի՛ բուժաշխատողներ։

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ։ Ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»:   --0—ՄՀ