COVID-19-ի արձագանքման հարցում սկսել է էական դերակատարում ունենալ Հայաստանում ԱԱՊ օղակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

ահկ

ԱՀԿ-ն ԵՄ աջակցությամբ իրականացրեց առողջապահական ոլորտի կազմակերպությունների հերթական հանդիպումը՝ նվիրված ԱԱՊ օղակում Կովիդ 19-ի արձագանքման քաղաքականությանը և ԱՀԿ համապատասխան ուղեցույցներին։ Թեման հատկապես կարևոր էր, քանի որ Հայաստանում ԱԱՊ օղակը սկսել է էական դերակատարում ունենալ Կովիդ-19-ի արձագանքման հարցում։ Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆեյսբուքյան էջից:

Հանդիպումը նաև պահանջված էր ոլորտի կազմակերպությունների կողմից, քանի որ վերջիններս մեծապես աջակցում են ԱԱՊ օղակին քաղաքային և գյուղական վայրերում։ Հանդիպումը կազմակերպվել էր ԱՀԿ-ի Ալմաթայի ԱԱՊ կենտրոնի և Եվրոպայում ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի սերտ համագործակցությամբ։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի, ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևի և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերրանո Դե Լա Ռոսայի ողջույնի խոսքից հետո, ԱՀԿ ԱԱՊ կենտրոնի նորանշանակ ղեկավար Մելիտա Յակաբը ներկայացրեց Կովիդի համավարակով պայմանավորված նոր իրականության մեջ առողջապահական համակարգերի շարունակականության ապահովման վերաբերյալ ԱՀԿ ռազմավարական ուղղությունները։ ԱՀԿ խորհրդատու, անդալուզիական հանրային առողջապահության ֆակուլտետի դասախոս Դանիել Լոպեզ Ակունան ներկայացրեց ԱԱՊ համակարգի վերաբերյալ ԱՀԿ նոր մոտեցումները։ Շատ հետաքրքիր էր տեղեկանալ, թե որքան կարևոր դերակատարում են ունեցալ ԱԱՊ օղակի հաստատությունները Իսպանիայում համաճարակի վերահսկման գործում։

ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների կառավարման ծրագրի կլինիկական ծառայությունների կազմակերպման ոլորտի ղեկավար Քերոլայն Բրաունը ներկայացրեց որոշակի կանխատեսումներ կապված Հայաստանում զարգացող իրավիճակի և առողջապահական համակարգի կարողությունների զարգացման հետ, որտեղ ԱԱՊ օղակը կարող է էական դերակատարում ունենալ հիվանդանոցների թեթևացման հարցում։ Այս համատեքստում առաջարկվեց ԱԱՊ օղակի կարողությունների գնահատման փորձնական ծրագիր` երկրին COVID-19-ի արձագանքման հարցում աջակցելու համար։

--00—ԼՄ