Փաշինյանը չի մասնակցի Հայրենականի 75-ամյակի շքերթին. վարչապետը նամակ է գրել Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 19, 24News

պուտին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Նամակում նշվում է.

«Հարգելի՛ պարոն նախագահ, ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը:

Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև:

Ինձ համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին: Վստահ եմ՝ մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ հետևելու են այդ հանդիսավոր միջոցառմանը՝ մտովի գնալով հեռավոր 1945 թվականը, երբ մեր պապերը հպարտ քայլով անցնում էին Կարմիր Հրապարակով:

Հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում մեր ընդհանուր ժառանգությունն է: Հիշողությունն այդ մասին միավորում է մեր ժողովուրդներին և անսասան հիմք ստեղծում ապագա սերունդների բարեկամության համար: Ակնկալում եմ մեր մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը:

Ընդունե՛ք, պարո՛ն նախագահ, քաջառողջության և Ձեր գործունեության մեջ հաջողությունների իմ լավագույն մաղթանքները»:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս