Կոռուպցիայի դեմ պայքարում հանդիպում ենք օլիգոպոլիաների և կոռումպացվածների դիմադրությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին:

«Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունն իրականացրել է համապարփակ բարեփոխումներ՝ օրենքի գերակայության և կառավարության հաշվետվողականության վրա հիմնված ամուր ժողովրդավարական ինստիտուտներ ձևավորելու նպատակով: Կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի վերափոխումը մեր օրակարգի առանցքում են:

Մեր ջանքերը սակայն հանդիպում են նախկին օլիգոպոլիաների և կոռումպացված շրջանակների ուժեղ դիմադրությանը: Նրանք, ովքեր վախենում են կորցնել իրենց ապօրինի ձեռք բերված ունեցվածքը, շահարկում են զանգվածային լրատվամիջոցները և կեղծ լուրեր են տարածում՝ կառավարության նկատմամբ անվստահություն սերմանելու և կորոնավիրուսային համաճարակին դիմակայելու ջանքերը նսեմացնելու նպատակով:

Չնայած այս բոլոր խոչընդոտներին, մենք վճռականորեն շարունակելու ենք բարեփոխումները՝ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու համար:

Բարեփոխումների յուրաքանչյուր փուլում մենք զգացել ենք մեր եվրոպական գործընկերների անվերապահ աջակցությունը: Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է պետական կառուցակարգերի կայացման գործում: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

Հայաստանը հանձնառու է զարգացնել գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մշակութային ընդհանրությունների վրա: Արևելյան գործընկերությունը մեր համագործակցության շարժիչ ուժն է: Այն ապահովում է արդյունավետ հարթակ ԵՄ-ի և տարածաշրջանի երկրների հետ երկխոսության և համագործակցության համար: Դրա ամբողջականության և շարունակականության պահպանումը կարևորագույն նշանակություն ունի: Ներքին բաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ կխաթարի Գործընկերության բուն փիլիսոփայությունն ու ազդեցությունը:

Հայաստանը ողջունում է 2020-ից հետո իրականացվելիք քաղաքականության վերաբերյալ համատեղ կոմյունիկեն: Փաստաթղթում ուրվագծված հինգ նպատակները համահունչ են մեր գերակայություններին: Մենք հավատում ենք, որ 2020-ից հետո նախանշվող նպատակները պետք է ապահովեն ուժեղ դիմադրողականություն և շոշափելի արդյունքներ: Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքներ ապահովելու լավագույն միջոցը կլինի վիզաների ազատականացման երկխոսության երկար սպասված մեկնարկը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցները ԵՄ-ի և Գործընկերության կողմից խրախուսվող համերաշխության և համագործակցության քաղաքականության ևս մեկ վկայությունն են: Հայաստանը բարձր է գնահատում ավելի քան 92 միլիոն եվրոյի աջակցությունը, որը միտված է ճգնաժամի անմիջական կարիքները բավարարելուն և դրա բացասական ազդեցությունը մեղմելուն:

Համամոլորակային մարտահրավերները պահանջում են միասնական գործողություններ, այլ ոչ թե առճակատում: Համաճարակի պայմաններում տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու ցանկացած փորձ խիստ անպատասխանատու է և պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից: Այս համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին համահունչ ԵՄ շարունակական հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում շատ կարևոր գործոն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար», - ասել է ՀՀ վարչապետը։

--0-- ԱՀ