12 երկրի զինվորականներ Ռուսաստան են ժամանել՝ մասնակցելու Հաղթանակի զորահանդեսին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News  

շքերթ

Տասներկու երկրից զինվորականներ են ժամանել Ռուսաստան մասնակցելու հունիսի 24-ին Կարմիր հրապարակում կայանալիք Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ հոբելյանին նվիրված զորահանդեսին։ Այս մասին Красная звезда թերթին ասել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։

«Մեզ մոտ արդեն ժամանել են տասներկու երկրի զինծառայողներ․ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանի ժողովրդական հանրապետությունից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Սերբիայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և Ադրբեջանից»,- ասել է Սալյուկովը։

 Ըստ РИА Новости-ի՝ զորահանդեսին կմասնակցի ավելի քան 13 հազար զինվորական, կգործարկվի 234 միավոր ժամանակակից և պատմական տեխնիկա։

Հանդիսատեսը կտեսնի տանկերի աջակցության «Տերմինատոր» ռազմական մեքենաներ, «Կոալիցիա-ՍՎ» և «Մստա-ՍՄ» ինքնագնաց հաուբիցներ, Տ-90Մ և «Արմատա» տանկեր, «Բուկ-Մ3», «Տոր-Մ2» և Ս-400 զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև 75 ինքնաթիռ և ուղղաթիռ:

--0—ՄՀ