Թուրքիայի բնակչության մեծամասնությունը կողմ է, որ Այա Սոֆիան վերածվի մզկիթի. սոցհարցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

1

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) սոցհարցում է պատվիրել ճշտելու համար, թե երկրի բնակչության ինչքան մասն է աջակցում Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական Այա Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելուն։ Եվ սոցհարցման արդյունք պարզվել է, որ բնակչության շրջանում մեծամասնություն են կազմում տաճարը 2-րդ անգամ մզկիթի վերածելուն աջակցողները։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Ըստ հրապարակված արդյունքների՝ իշխող ԱԶԿ-ի և նրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ընտրազանգվածի 90 տոկոսը կողմ է Այա Սոֆիան մզկիթի վերածելուն։ Խորհրդարանական մյուս ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցության ընտրողների 70, իսկ երկրում մեծությամբ 2-րդ գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության ընտրողների 40 տոկոսը կողմ է այդ փոփոխությանը։ 

Աղբյուրը տեղեկացնում է, որ թվարկված 4 կուսակացություններ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հետ միասին ձևավորում են երկրի ամենամեծ 5 կուսակցությունների ցուցակը։ Դրանք ներկայացված են նաև Թուրքիայի խորհրդարանում։ 

Նշենք, որ գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Այա Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453 թ․-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ Հինգ հարյուրամյակից մի փոքր պակաս ժամանակահատված էլ Օսմանյան կայսրության սկզբում գլխավոր, ապա գլխավոր մզկիթներից 1-ը ծառայած տաճարը 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի՝ առ այսօր պահպանելով այդ կարգավիճակը։ Իշխաղ ԱԿԶ-ի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի քանի անգամ օրակարգ են բերել Այա Սոֆիան կրկին մզկիթի վերածոլու մասին խոսակցությունները՝ դրանք հաճախ վերածելով ընտրություններում իրենց ձայներն ավելացնելու միջոցի։

Այժմ այս հարցի վերջնական լուծումը կախված է Թուրքիայի պետական խորհրդի հուլիսի 2-ին գումարվելիք նիստի արդյունքներից։ Եթե խորհուրդը որոշի որ տաճարը մզկիթի վերածելու որոշուման համար որևէ խոչընդոտ չկա, ապա շատ շուտով հնարավոր է տեղի ունենա Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը և ըստ լուրերի՝ հուլիսի 15-ին կարող է 1-ին նամազը իրականացվել այնտեղ։

Ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքը հորդորել էր Այա Սոֆյան մզկիթի վերածելու դեպքում հատված հատկացնել նաև քրիստոնյաների համար:

--00—ԼՄ