Արայիկ Հարությունյանն անտառներում հայտնված վնասատուների հարցով խորհրդակցություն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News    

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 15-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել հանրապետության անտառային տնտեսության որոշ հատվածներում հայտնված «անզույգ մետաքսագործներ» կոչվող թրթուրների պատճառած վնասների գնահատման ու պայքարի միջոցների ձեռնարկման թեմայով: 

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարները, բնապահպանության կոմիտեի նախագահը և ոլորտի այլ պատասխանատուներ: 

Զեկուցմամբ հանդես է եկել բնապահպանության կոմիտեի նախագահ Ֆելիքս Գաբրիելյանը, ով մասնավորապես նշել է, որ այդ վնասատուների դեմ արդյունավետ պայքարի ժամանակը վաղ գարնան շրջանն է. այն պետք է իրականացնել ավիացիոն սրսկումների եղանակով: Կոմիտեի նախագահի խոսքով՝ ներկա փուլում այդ թրթուրների դեմ պայքարն արդյունավետ չէ, քանի որ լայն տարածում են գտել, բացի դրանից, կենսաբանական փոփոխության հետևանքով շուտով դրանք այլևս ակտիվ չեն լինի: 

Երկրի ղեկավարը շատ խիստ է արձագանքել տրված պարզաբանումներին՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը ոլորտի պատասխանատուների՝ ժամանակին թույլ տված թերացումների հետևանք է: Նա հանձնարարել է կարճ ժամանակում մասնագիտական հանձնաժողով ձևավորել, ուսումնասիրել վնասների չափը, հստակեցնել պայքարի միջոցների մշակման եղանակները՝ ընդգծելով, որ բոլոր մեղավորներն օրենքի առաջ պատասխանատվություն են կրելու:

--0--ԱՀ