Էդգար Մանուչարյանը ավարտում է կարիերան հավաքականում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

․

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը ավարտում է կարիերան հավաքականում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ֆուտբոլիստը: «Որպես ֆուտբոլիստ ավարտելով իմ կարիերան հավաքականում, կա մի մեծ նպատակ դառնալ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ,վստահ եմ որոշմանս հարցում»,-գրել է նա:

Էդգար Մանուչարյանը ծնվել է 1987 թվականի հունվարի 19-ին, Երևանում։ Արդեն 15 տարեկանում Էդգար Մանուչարյանը հանդես էր գալիս Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում, իսկ 2002-2004 թթ ընթացքում Փյունիկի կազմում 3 անգամ դարձավ Հայաստանի առաջնության հաղթող։ 2004 թ.-ին 22 խաղում դառնալով 21 գոլի հեղինակ ՝ Էդգարը դառնում է Հայաստանի առաջնության գլխավոր ռմբարկու։ Երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստով սկսում է հետաքրքրվել «Այաքս»-ը։  2004 թ.-ի դեկտեմբերին Մանուչարյանը մեկնում է «Այաքս» ՝ փորձաշրջան անցնելու, սակայն վնասվածքի պատճառով տեղափոխությունը կայացավ միայն ամռանը։  Սեպտեմբերի 18-ին «Այաքս»-ի կազմում Էդգարը իր նորամուտն է նշում Նիդերլանդների առաջնությունում: 2005/2006 մրցաշրջանում Էդգարը մասնակցում է առաջնության 4 խաղերի, ինչպես նաև դառնում է Նիդերլանդների գավաթակիր։

2010 թ. Մանուչարյանը խզում է «Այաքս»-ի հետ մինչև 2011 թ. նախատեսված պայմանագիրը և ազատ խաղացողի կարգավիճակով միանում է «Փյունիկ»-ին։ 2011 թ. ամռանը նա տեղափոխվում է Ռուսաստանի առաջնության 1-ին խմբում հանդես եկող «Ուրալ» ակումբ։ Այնուհետ Մանուչարյանը հանդես է եկել «Ալաշկերտ»-ում և «Փյունիկ»-ում:

--0--ԱՀ