Ուժեղացված ստուգայցերի ընթացքում արձանագրվել են խախտումներ ու թերացումներ. ԱԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

հասարակական

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Աբովյան քաղաքում։ Ստուգայցերն արձանագրել են ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնների մի շարք խախտումներ ու թերացումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։

Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական և իրազեկման աշխատանքներն իրականացրել են էլեկտրատեխնիկայի, հրուշակեղենի խոշոր խանութներում, գրավատներում ու մի շարք այլ տնտեսավարողների մոտ։

Դիտարկումների ժամանակ որոշ դեպքերում բացակայել են աշխատակիցների արտաքին զննման տվյալները, տեղեկատվական պաստառները, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամանները։ Չեն եղել գծանշումներ, անհատական ջերմաչափեր, արձանագրվել է նաև ախտահանման միջոցների ոչ բավարար քանակություն։

Խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ՝ պարետատուն ներկայացնելու և դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու համար։

Մարզերում և Երևանում տեսչական մարմինն իրականացնում է ամենօրյա վերահսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով տնտեսավարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումը։

ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստագույնս ապահովել այդ նորմերի պահպանումը և հիշեցնում՝ խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում այն ավելի խիստ կլինի։

--0-- ՍՊ