Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News 

հասարակական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտություններ անցնելու նպատակով: Տեղեկությունը 24News-ին փոխանցեց Նարեկ Սարգսյանի փաստաբան Արթուր Պիվազյանը: 

«Նարեկ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի, դեռ շարունակում է դեղահաբեր ընդունել», - նշեց Պիվազյանը: 

Փաստաբանը հայտնեց, որ բժշկական ստուգումներից հետո Սարգսյանին տեղափոխել են կրկին «Երեւան-կենտրոն» քրեկատարողական հիմնարկ: Հետազոտությունների պատասխանները դեռ չեն ստացել: 

Անդրադառնալով քրեական գործին՝ պաշտպանը նշեց, որ նախաքննությունը դեռ շարունակվում է։ Ինչ վերաբերում է միջնորդություններին, պաշտպանի խոսքով՝ հավանաբար կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն կներկայացնի վարույթն իրականացնող մարմինը։

«Մենք տեղեկություն չունենք, բայց կարծում եմ, որ կներկայացվի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն։ Մեր կողմից դեռևս որևէ միջնորդություններ ներկայացնելու ծրագրեր չկան», - հավելեց Պիվազյանը: 

Հիշեցնենք, որ 2018թ.-ի հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

2018թ.-ի հուլիսի 6-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց 2019թ.-ի դեկտեմբերի 21-ին։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս