Վարչապետը հանձնարարել է պարզել վարակի մասին ապատեղեկատվության տարածման աղբյուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

աժ

ԱԺ հատուկ նիստի ժամանակ, որին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադարձ եղավ նաև օտարերկրյա ծառայություններին ու դրանց հետ կապ ունեցող շրջանակների մասին լուրի հավաստիությանը: 

«Հանձնարարություն եմ տվել, որպեսզի ձևավորվի խումբ, որը կուսումնաասիրի ապատեղեկատվության աղբյուրները՝ արդյոք օտարերկրյա ծառայությունները կապ ունե՞ն, արդյոք օտարերկրյա ծառայությունների հետ կապ ունեցող շրջանակներ և ուժեր գոյություն ունե՞ն և արդյոք կարո՞ղ են լինել քաղաքական կամ կրիմինալ շրջանակներ, որոնք, իրենց նեղ շահերից ելնելով, կարող են փողեր ծախսել ապատեղեկատվություն տարածելու համար»,-ասաց Փաշինյանը, ապա հավելեց, որ իր հանձնարարությամբ խումբ է ձևավորվել, որը պետք է գտնի այդ հարցերի պատասխանը:

Ըստ Փաշինյանի՝ այդ մասով սենսացիա պետք չէ սարքել, քանի որ աշխատանքային սովորական հանձնարարություն է:

«Իմ կարծիքով՝ Հայաստանում վստահության ճգնաժամ ստեղծելու խնդիր կա: Այսօր ես իմացա մի դեպքի մասին. մի կին նստում է տաքսի և զանգում ինչ-որ տեղ, ասում է՝ «էսինչն է վարչապետի աշխատակազմից»: Ասում է՝ «էն ժամացույցը, որ վարչապետը պատվիրել էր, եկե՞լ ա, 35 հազար դոլա՞ր, թե՞ եվրո պետք է տայինք: Լա՛վ, հեսա մարդ կուղարկեմ 35 հազար դոլարը կտա, կվերցնի»: Տաքսիստին խոսակցությունը տարօրինակ է թվացել, և նա հետևել է՝ այդ կինն ուր է գնում: Կինը գնացել նստել է ուրիշ տաքսի: Պարզ է չէ՞, որ սա կազմակերպված գործողություն է, և պետք է հասկանալ՝ ով է այն կազմակերպում», - ասաց վարչապետը:

Նշենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան էջում այս պատմության մասին գրառում էր արել նաև վաչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ այդ պատմությունն իրեն պատմել է տաքսից օգտված իր ծանոթներից մեկը:

--0—LՄ