Մհեր Գրիգորյանն ընդունել է Արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News  

Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը՝ նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը։

Ի թիվս բազմաթիվ հարցերի՝ քննարկվել են կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի հաղթահարմանն ուղղված՝ Կառավարության ձեռնարկած սոցիալ-տնտեսական միջոցառումների ընթացքը, գործարարության առջև ծառացած խնդիրները, վերջիններիս կողմից իրականացվող քայլերը՝ տնտեսության անկման կանխման և տնտեսական գործընթացների բնականոն հունը վերականգնելու ուղղությամբ։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել շարունակական՝ ըստ տնտեսության առանձին ճյուղերի։

«Մեծ է այսպիսի հանդիպումերի կարևորությունը, որոնց ընթացքում գործադիրը հիմնական դերակատարներից՝ գործարարներից է անմիջականորեն տեղեկանում տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրներն ու զարգացումները, իսկ վերջիններս հնարավորություն են ստանում կառավարության անդամների հետ քննարկելու նախատեսվող տնտեսական քաղաքականության քայլերը, ներկայացնել իրենց տեսակետները»,-հանդիպումից հետո ասաց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։  --0—ՄՀ