Մշտադիտարկման ստուգայցերը զուգակցվել են տասնյակ կասեցումներով՝ մայրաքաղաքում և մարզերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

հասարակական

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ռեժիմով իր մշտադիտարկման աշխատանքներն ու ստուգայցերն անցկացրել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Ստուգայցերի դիտակետում են հատկապես այն ոլորտների տնտեսավարողները, որոնք, ըստ դիտարկումների ամփոփ պատկերի, առավել հաճախ են խախտում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը կամ որոնց վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով ստացվել են ահազանգեր։ 

Այդպիսիք են, օրինակ առևտրի կենտրոնները, դեղատները, գեղեցկության սրահները, ատամնաբուժարանները։ Վերջին երկուսի դեպքում անվտանգության նորմերի չպահպանումն առավել ռիսկային է այն առումով, որ տարածությունը հաճախորդի և աշխատողի միջև խիստ փոքր է, ինչը երկուստեք զգալիորեն մեծացնում է վարակման ռիսկը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերի ընթացքում արդեն առաջնորդվում են պարետի նոր որոշմամբ հաստատված հավելվածներով, որոնցով որոշ ոլորտներում գործող տնտեսավարողների համար կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով սահմանվել են անվտանգության նոր՝ առավել խիստ կանոններ։

Ստուգայցերի և դրանց արդյունքում արձանագրված խնդիրների ամփոփ պատկերը ցույց է տալիս, որ տնտեսավարողները ներկայում առավել բարեխճորեն են պահպանում անվտանգության կանոնները։

Եթե օրեր առաջ պարետի կասեցմանն էր ուղարկվում դիտարկված ամեն երկրորդ տնտեսավարողի վերաբերյալ միջնորդություն, ապա ներկայում արդեն կասեցման միջնորդություն ուղարկվում է մոտավորապես ամեն հինգերորդի մասով։ Դա նշանակում է, որ իրազեկման աշխատանքների, ստուգայցերի և կասեցումների ակտիվ ընթացքը ևս հանգեցել է նրան, որ առավել մեծ ուշադրություն է դարձվում սահմանված կանոններին, և մարդիկ առավել տեղեկացված են դրանց հարցում։
 
Հաճախակի են դեպքերը, երբ տնտեսավարողները, ժամանակավորապես կասեցվելով հանդերձ,  գոհունակություն են հայտնում ԱԱՏՄ խորհրդատվության և նորմերը պահպանելու հարցում մասնագիտական ուղղորդման համար։

Թեժ գծով ստացված բոլոր բողոքներին ընթացք է տրվում սահմանված կարգով։
Մշտադիտարկման աշխատանքները և ստուգայցերը զուգակցվել են տասնյակ կասեցումներով՝ մայրաքաղաքում և մարզերում։

Ընդ որում՝ կասեցումներն արդեն առավել երկար ժամանակով են։  Կասեցված տնտեսվարողների շարքում են լայնորեն հայտնի ու խոշոր սուպերմարկետների և դեղատնային ցանցերի մասնաճյուղեր, արտադրություններ, ստոմատոլոգիական կլինիկաներ, որոնց մոտ արձանագրվել են մարդկային կուտակումներ, գծանշումների բացակայություն, իրար չափազանց մոտիկ տեղակայված աշխատասեղաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու, ախտահանման, ջերմաչափման և այլ խնդիրներ։

--0-- ՍՊ