Կացարաններ, հացատներ՝ զբոսաշրջիկների համար․ Արթիկը կրոնաճանաչողական նախագիծ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News 

Հայաստանն աշխարհին կներկայանա կրոնաճանաչողական զբոսաշրջությամբ։ Շիրակի մարզի Արթիկ համայնքը նախաձեռնել է ծրագիր, որի շնորհիվ Հայաստանի կրոնական մշակույթն ավելի գրավիչ և հետաքրքիր ձևով կներկայանա զբոսաշրջիկներին։ Նախաձեռնողը հենց Արթիկի քաղաքապետարանն է։ 

Հայկական եկեղեցիները դեռ հին ժամանակներում եղել են ուխտագնացության օջախներ, որտեղ մարդիկ նաև ապաստան են ստացել։

Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանի խոսքով, նպատակ ունեն ոչ միայն վերականգնել այդ պատմական և մշակութային ավանդույթները, այլ նաև ստեղծել սոցիալ – տնտեսական ակտիվություն։ 

Արթիկ համայնքն ունի եկեղեցական ամենահին ժառանգություններից՝ 5-րդ, 7-րդ դարի եկեղեցիներ։ Արթիկի թեմի առաջնորդի՝ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի խոսքով՝ այն լուրջ ձեռքբերում է, իսկ սպասվող նախագիծն ավելի կամրացնի եկեղեցու և ժողովրդի միջև կապը։ 

Արթիկի թեմի առաջնորդը պատմում է, որ նախագիծը ներկայացրել են նաև Վեհափառ հայրապետին, նախաձեռնությունը հավանության է արժանացել։ Ամենայն հայոց կաթողիկոսը վստահեցրել է, որ կնպաստի նախագծի զարգացմանը՝ դիմելով մյուս եկեղեցիների հովվապետերին, նաև՝ Հռոմի պապին։ Արթիկ համայնքի եկեղեցական հարուստ ժառանգության մեջ իր դերն ունի նաև Փանիկ գյուղում տեղակայված Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցին, որտեղ էլ հենց նշանակումներ է կատարում Հռոմի պապը։

Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին 7-րդ դարի պատմություն ունի, Տեր Վիգեն քահանա Ղազարյանը, ցույց տալով եկեղեցու դարերով պահպանված որմնանկարները, նշում է՝ ամբողջ աշխարհը Հայաստանն ընկալում է որպես քրիստոնեության ամենահին օջախը, նրա խոսքով Հայաստանի կրոնական  մշակութային ժառանգությունն աշխարհում պետք է ճանաչելի դառնա, իսկ իրականացվելիք նախագիծը կարող է խթանել այդ գործին։ 

Հառիճավանքի վանահայր Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանի կարծիքով՝ եկեղեցական կյանքին զարկ տալու խնդիր կա, նրա խոսքով կրոնաճանաչողական նախագիծը կյանքով կլցնի ամբողջ Արթիկը, զբոսաշրջիկներն էլ կհետաքրքրվեն համայնքով։  

Նախագիծը ներկայումս տարբեր փուլեր է անցնում։ Նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ մյուս տարի կկարողանան արդեն ընդունել ուխտագնացության առաջին խմբերը՝ եկեղեցական կացարանում, ինչի շնորհիվ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի պատմությանը, կրոնական մշակույթին, ավանդույթներին և Հայաստանից կհեռանան ամբողջական տպավորություններով։