Վանաձորում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News       

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը:
Հունիսի 6-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, Ճանապարհային ոստիկանների հետ համատեղ, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ մայիսի 30-ին Դսեղ գյուղի հարակից անտառում բենզասղոցով ապօրինի հատել է երկու ծառ:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ ոստիկանները բացահայտեցին ժամը 6.30-ի սահմաններում: Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի 39-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-3507» մակնիշի մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Պարզվել է` վառելափայտը պատկանում է նրա ընկերոջը. նա մոտ 20 օր առաջ Եղեգնուտ գյուղի անտառից բենզասղոցով ատել էր մեկ ծառ:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, դարձյալ տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:   --0—ՄՀ