Դիլիջանի անտառապահը կաշառք է վերցրել ու պահաբաժնից փայտանյութ դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News   

    

Ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մայիս ամսին Դիլիջանի մի բնակիչ, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, «Շամախյան» տեղամասի 10-րդ պահաբաժնի անտառապահին 40 հազար դրամ կաշառք է առաջարկել, որի դիմաց անտառապահը պետք է համաձայներ իր թույտվությամբ, առանց համապատասխան փաստաթղթի, պահաբաժնից չորս անգամ վառելափայտ դուրս բերել:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ անտառապահն ընդունել է առաջարկը, մայիսի վերջին ստացել կաշառքի մի մասը և թույլատրել է 2 անգամ «Ֆորդ» մակնիշի մեքենայով անտառից վառելափայտ դուրս բերել:
Հունիսի 1-ին, ժամը 8-ի սահմաններում, քաղաքացին երրորդ անգամ էր անտառից փայտանյութ դուրս հանել, մի քանի խորանարդ մետր վաճառել էր, մնացածը թողել մեքենայում, ու խոստացած գումարի մյուս մասը դեռ չվճարած՝ ոստիկաններն ապօրինությունը կանխել էին:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բաժին է հրավիրվել նաև անտառապահը:
Կասկածյալները տվել են խոստովանական բացատրություններ:
Հարուցվել է քրեական գործ:
Դիլիջանի քննչական բաժնում նրանց մեղադրանք է առաջադրվել:
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է: --0—ՄՀ