Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական նորմը պարզաբանման խնդիր ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

հասարակական

Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական նորմը ոչ միայն հանրության լայն շրջանակների, այլև ոչ իրավագետ պաշտոնյաների պարագայում լրացուցիչ պարզաբանման խնդիրներ է առաջացնում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

«Որոշել էի չանդրադառնալ, սակայն մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության (այն ներառում է նաև սեփական պատկերի իրավունքը, իսկ երեխաների պարագայում՝ առավել ևս) սահմանադրական նորմը ոչ միայն հանրության լայն շրջանակների, այլև ոչ իրավագետ պաշտոնյաների պարագայում լրացուցիչ պարզաբանման խնդիրներ է առաջացնում։

Այս համատեքստում հիշյալ հիմնարար ազատության անձեռնմխելիությունը հարգելու անհրաժեշտության վրա պարտավոր են նվազագույնն ուշադրություն հրավիրել խորհրդատվություն տրամադրելու ծառայողական պարտականություն ունեցող ստորադաս պաշտոնյաները. այսպիսի դեպքերում անհարկի զգուշավորությունը լավ ընկեր չէ։

Անցյալ տարի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտաժողովերից մեկում ներկայացնում էի «Երեխաների անձնական տվյալների պաշտպանության արդի հիմնահարցերը» զեկույցը, որում մի այսպիսի միտք եմ ընդգծել. «... տեխնոլոգիական առաջընթացը, բնականաբար, ուղեկցվում է մարդկանց կենցաղն առավել բարվոք դարձնելու, կենսապայմանները բարելավելու միտումով ու արդյունքներով, սակայն այդ ամենը բնավ չի բացառում նոր, նախկինում երբևէ իրեն զգացնել չտվող նաև խիստ խոցելի տարաբնույթ ու անկանխատեսելի արդի հիմնախնդիրների առաջացումը» ...»,- ասված է գրառման մեջ:

--0-- ՍՊ