Թուրքիայում Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալիքներ ուղարկած 2-րդ անձն է կալանավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News        

թուրքիա

 

Թուրքիայում Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալից էլեկտրոնային նամակներ ուղարկած երկրորդ անձն է կալանավորվել։ Թուրքական դատախազությունից դեպքի առթիվ կատարված հայտարարության մեջ նշվել է, որ կալանավորված Է․Բ․-ի էլեկտրոնային փոստում հայտնաբերվել է Դինքի հիմնադրամին մայիսի 30-ին ուղարկված սպառնալից նամակը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Հայտնի է դարձել, որ Է․ Բ․-ն, բացի անանուն սպառնալիքներ ուղարկելուց, մեղադրվում է նաև Թուքրիայի Հանրապետության նախագահին վիրավորելու մեջ։ Յուրաքանչյուր մեղադրանքի առթիվ առանձին հետաքննություն է սկսվել։

Նշենք, որ մայիսի 30-ին Քոնյայում հայտնաբերվել և կալանավորվել էր նաև Դինքի հիմնադրամին առաջին սպառնալիքներն ուղարկած Հ․Ա․-ն։

Հիշեցնենք, որ անհայտ անձինք սպառնալիքներ պարունակող նամակների էին ուղարկել Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամի էլեկտրոնային փոստին։ Հիմնադրամի տարածած հայտարարության համաձայն՝  հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակում տեղ էին գտել պնդումներ, թե Հրանդ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ»  է պատմում, ինչպես նաև նամակի հեղինակները մահով էին սպառնացել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։