Գործարկվել է ՀՀ նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

նախագահ

Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը:

Նախագահի լրատվական ծառայության փողանցմամբ կայքի միջոցով երեխաները կարող են հայերենով և անգլերենով, ապագայում՝ նաև ռուսերենով հանրամատչելի ուսուցողական տեղեկատվության, տեսանյութերի միջոցով համառոտ ծանոթանալ ոչ միայն Հանրապետության նախագահի գործառույթներին, նախագահի երդման տեքստին, այլև տեղեկանալ, թե ով կարող է լինել նախագահ, ինչպես է ընտրվում Հանրապետության նախագահը...

Կայքի այցելուներին հասանելի է նաև հակիրճ տեղեկատվություն մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ սահմանադրության մասին:

Կայքը հնարավորություն է ընձեռում հայտնվել նախագահի նստավայրում՝ եռաչափ ձևաչափով շրջայց կատարելով վարչական շենքում, ինչպես նաև վիրտուալ մասնակցել Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխին, զբոսնել նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքում, որը որոշակի ժամերի բաց է այցելուների համար:

«Երեխաների անկյուն հատված»-ի միջոցով վիրտուալ տարածքի այցելուները հնարավորություն ունեն ուսուցողական խաղեր խաղալ և ստուգիչ հարցերի միջոցով ամրապնդել ստացած գիտելիքները:

Կայքն ունի մանկական տեսադարան, որտեղ նախատեսվում է ներկայացնել երեխաների կողմից ուղարկվող լավագույն տեսանյութերը. նրանք կարող են նկարահանել տեսանյութեր իրենց արտասովոր տաղանդի, գիտելիքի, հմտությունների, կարողությունների, մտքերի, երազների և ցանկությունների վերաբերյալ:

Կայքի համապատասխան հատվածում երեխաները կարող են նաև ներկայացնել իրենց առաջարկություններն՝ այդպիսով յուրովի մասնակցություն ունենալով կայքի ձևին ու բովանդակությանը: