Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 2 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

մոսկվա.կորոնավիրուս

Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 2 հազար մարդ: Այդ մասին հայտնում է օպերշտաբը , փոխանցում է РБК-ն:

«Բուժումն անցնելուց հետո անցած մեկ օրում ապաքինվել է ևս 2060 մարդ։ Երկրում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի բռնկումից ի վեր, ապաքինվել է 82 239 մարդ, - հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան:

Ըստ օպերշտաբի տվյալների՝ մայիսի 31-ին հիվանդանոցներից դուրս է գրվել 1855 մարդ:

Մայիսի 31-ի երեկոյան Մոսկվայի իշխանությունները հայտնել են, որ կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2,5 հազարը, մեկ օրում մահացել է ևս 76 մարդ: COVID-19-ի մահվան ելքերի ընդհանուր թիվը մայրաքաղաքում կազմել է 2553:

ՌԴ-ում, կորոնավիրուսի բռնկումից ի վեր, գրանցվել է հիվանդության 414,878 դեպք, նոր դեպքերի թիվը՝ 9,035:

Նշենք, որ նախօրեին հայտնի էր  դարձել, որ ՌԴ առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսային հիվանդության բուժման համար «Авифавир» դեղամիջոցը: Այն հիվանդանոցներում կլինի արդեն հունիսի 11-ից: Փորձագետների գնահատմամբ՝ դրա արդյունավետությունը 80% է:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 26-ին հայտարարել է, որ երկիրն անցել է կորոնավիրուսային վարակով հիվանդացության պիկը: Ընդ որում, ավելի վաղ նա նշել էր Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի կայունացման մասին: