Կստեղծվի 1991-ից մինչև հեղափոխությունը տեղի ունեցած խախտումներն ուսումնասիրող հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

քաղաքական

2021 թվականի հունվարի 1-ից ստեղծվող անկախ Փաստահավաք հանձնաժողովն ունենալու է 9 անդամ, նրանց նշանակելու է Ազգային ժողովը, այս մասին գրում է Armtimes.com-ը:

Ընդ որում, հանձնաժողովի անդամներից 3-ին Ազգային ժողովին են առաջարկելու Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ  Մարդու իրավունքների պաշտպանը։ Մնացած 6 անդամներին առաջադրելու են Ազգային ժողովի խմբակցությունները՝ յուրաքանչյուր խմբակցություն՝ 2-ական թեկնածու:

Խմբակցության առաջադրած թեկնածուներից մեկը պետք է լինի այն հասարակական կազմակերպությունների առաջադրած թեկնածուների ցանկից, որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությունը, Հանձնաժողովի իրավասության ոլորտներում գործունեությունը։ Խմբակցության առաջադրած թեկնածուներից մեկը պետք է լինի արական, մյուսը՝ իգական սեռի: Հանձնաժողովի անդամներին նշանակում է Ազգային ժողովը՝ հանձնաժողովի գործունեության ժամկետով: Հանձնաժողովն իր կազմից Հանձնաժողովի գործունեության ժամկետով ընտրում է Հանձնաժողովի նախագահ:

Երեկ արդարադատության նախարարության կողմից հրապարակված Փաստահավաք հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ այս հանձնաժողովը լինելու է անկախ մարմին, ֆինանսավորվելու է բյուջեից՝ առանձին տողով:

Հանձնաժողովը գործելու է մինչեւ իր եզրափակիչ զեկույցի հրապարակումը, որի համար սահմանված է երկու տարի ժամկետ: Հանձնաժողով իր աշխատանքներն իրականացնելու է նիստերի միջոցով: Նախագծով նախատեսվում է, որ Հանձնաժողովը իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը եւ Հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները, իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման եւ հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում է միջանկյալ զեկույցներ ներկայացնելու կարգը:

Նախագծի հիմնավորման բաժնում նշվում է, որ այս հանձնաժողովի ստեղծումը եւ իրականացվելիք գործառույթները բխում են 2019 թվականի հոկտեմբերին հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրված անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունից:

Նախատեսվում է փաստեր հավաքել, քարտեզագրել, ուսումնասիրել 1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները:

Ընդ որում խոսքը վերաբերելու է համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման ժամանակ գրանցված խախտումներին, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներին, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներին, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումներին, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին:

«2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հետեւանք էին այս երեւույթների արդյունքում հասարակության մեջ կուտակված անարդարության զգացման, որը կարող է հաղթահարված համարվել միայն իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, տուժողների խախտված իրավունքները, հնարավորինս վերականգնելու, անցյալին գնահատական տալու եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու, որպեսզի բացառվի հետագայում որեւէ իրավիճակում նման երեւույթների կրկնությունը»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Միեւնույն ժամանակ արձանագրվում է, որ այս հանձնաժողովը չի լինելու արդարադատության մարմին, քրեական պատասխանատվություն չի սահմանելու, պատժամիջոցներ չի կիրառելու: Եթե ձեռք բերեն հետաքննության համար օգտակար ապացույցներ, ապա դրանք կարող են աջակցել դատարանների աշխատանքին:

Երեկ, իր ֆեյսբուքի էջում կիսվելով Փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել լինել ակտիվ եւ առաջարկություններ ներկայացնել այն որակապես ավելի լավը դարձնելու համար: