Օրգազմի մասին գիրքը 9-ամյա տղան գտել է, ոչ թե անծանոթ կին է նվիրել.Նելլի Դուրյանի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

նելլի

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ ֆեյսբուքյան էջում Նելլի Դուրյանը գրել է․

«Facebook սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։

ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողները վերոհիշյալ նյութի հետքերով ստուգումներ և պարզաբանումներ են իրականացրել, ոստիկանության Արաբկիրի բաժին է հրավիրվել «Facebook» սոցիալական կայքի օգտատերը՝ անչափահաս որդու հետ:

Զրույցի ընթացքում տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից, և մատնացույց է արել վայրը, որտեղից գտել է գիրքը։ Այդ մասին փաստել է նաև տղայի մայրը: Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստով նախապատրաստվում են նյութեր»։

Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանը տեսանյութ էր հրապարակել՝ հայտարարելով, որ Կոմիտասում՝ Վրացական փողոցում, իր 9-ամյա որդուն և ուրիշ երեխաների «Օրգազմը ձեզ համար կամ դուք օրգազմի համար» վերնագրով գիրք են տվել:

ԱԺ մի քանի պատգամավորներ կոչ էին արել գտնել գիրքը բաժանող: