Պաչ-պռոշտը դեռ շարունակում են, դրանից էլ վարակը տարածվում ա. հարցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի մայիսի 25-ի որոշմամբ՝ նոր փոփոխություններ են կատարվել պաշտպանիչ միջոցներ կրելու վերաբերյալ։ Այսուհետ դիմակ կրելը պարտադիր է կանգառում, առևտրի շուկաներում, տոնավաճառներում և այլ հանրային տարածքներում: Բացառվում է նաև ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց դիմակ և ձեռնոց կրելու:

Ըստ նոր փոփոխությունների՝ աշխատավայրում և դրանից դուրս իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս ևս պարտադիր կերպով պետք է դիմակ կրել։ Կանոնները տարածվում են առևտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, գյուղատնտեսական արտադրանքի շուկայի, կենդանիների շուկայի, շրջիկ առևտրի կետերի, շրջածախ առևտրի, բացօթյա առևտրի, առևտրի իրականացման վայրերի և այլ վաճառատեղերի վրա։

24News-ը շրջել է Երևանի փողոցներում՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները նոր փոփոխությունների մասին և ինչպե՞ս են վերաբերվում պարտադիր դիմակ և ձեռնոց կրելու հանգամանքին։ 

Հարցման արդյունքում պարզել ենք, որ բացօթյա առևտրի որոշ կետերի վաճառողներ համաձայն չեն նոր փոփոխություններին, կան վաճառողներ էլ, որոնք դիմակ կրելն անիմաստ են համարում։ 

Հարցմանը մասնակցած որոշ քաղաքացիներ էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ պարետի նոր որոշումը ճիշտ է և պաշտպանիչ միջոցներ կրելը կարող է կանխարգելել համավարակի տարածումը։

Սոնա Գրիգորյան