Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Զուրաբիշվիլիին Վրաստանի ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի ազգային տոնի՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Պատմական ու մշակութային սերտ շփումների և համագործակցության արդյունքում ձևավորված հայ և վրացի ժողովուրդների բարեկամությունն ու փոխվստահությունը դարերի ընթացքում ապացուցել են իրենց կենսունակությունը՝ հաջողությամբ հաղթահարելով բոլոր փորձությունները և հիմք դառնալով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների ձևավորման ու զարգացման համար:

Հատկապես այսօր՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ ժամանակաշրջանում, առավել պարզորոշ է զգացվում մեր հարևան և բարեկամ երկրի հետ սերտ փոխգործակցության կարևորությունը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել մարդկության առջև ծառացած այս ծանր փորձությունը ևս»:

Նախագահ Սարգսյանը Սալոմե Զուրաբիշվիլիին մաղթել է հաջողություն և քաջառողջություն, իսկ բարեկամ վրացի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։