Գևորգ Պետրոսյանը դիմակ չկրելու համար նախազգուշացում ստացավ.ի՞նչ պատիժ կստանա օրենք խախտողը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

աժ

Խորհրդարանում հերթական նիստի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ, համավարակով պայմանավորված և պարետի որոշման համաձայն, Ազգային ժողովի դահլիճում պատգամավորները պետք է լինեն դիմակով։

«Ես, որպես ԱԺ նախագահ՝ նախազգուշացում եմ հայտարարելու, և եթե պետք լինի՝ դահլիճից դուրս եմ հրավիրելու 1 օրով, եթե անհրաժեշտ լինի՝ 7 օրով, բոլոր այն պատգամավորներին, որոնք դիմակ չեն կրում»,-ասաց ԱԺ խոսնակը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ պահպանված է սոցիալական հեռավորությունը: Միրզոյանը նկատեց, որ բարձրախոսները կարող են կրիչներ լինել, ապա հավելեց, որ շփվում են, խոսում են, հպվում են, ուստի ապահով է դիմակը կրելը նաև օրինակ ծառայելու տեսանկյունից։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ արդյոք պե՞տք է նիստի ամբողջ ընթացքում դիմակ կրել, Միրզոյանը դրական պատասխան տվեց:

«Ֆեյսբուքյան լրահոսից կամ նորություններից, կայքերից, թերթերից տեսել եք, որ ես ինքս եղել եմ մի իրավիճակում, որ փակ տարածքում դիմակ չեմ կրել, ուզում եմ բոլորիդ և մեր քաղաքացիների առջև ասել՝ այո՛, ես սխալ եմ արել, մտածել եմ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն է, թեև փակ դահլիճում ու չեմ կրել դիմակը, բայց ես ուզում եմ խոստովանել, որ դա սխալ էր»,-ասաց Միրզոյանը։

Մարուքյանը նկատեց՝ ԱԺ-ում անհարմար է դիմակով խոսել, ու դա չի էլ կարող համարվել կանոնների խախտում։

«Ուզում եմ ձեզ հիշեցնել Սահմանադրության այն նորմը, որ արտակարգ դրությունը չի տարածվում Ազգային ժողովի վրա, հետևաբար արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները դուք չեք կարող կիրարկել խորհրդարանում և պատագամավորին դուրս հրավիրել, հետևաբար ձեր այդ որոշումը նորից քննարկեք՝ Սահմանադրության՝ իմ նշած համատեքստում»,-ասաց պատգամավորը։

Ազգային ժողովի նախագահը հակադարձեց, որ հարցն ունի 2 ենթատեքստ։ Այստեղ կա նաև քաղաքացիներին օրինակ ծառայելու, մեր բոլորի և ընտանիքի անդամների առողջության մասին մտածելու շերտը։

«Դուք պնդում եք անում, որ սա չի կարող տարածվել պատգամավորների վրա, և ես՝ որպես ԱԺ նախագահ, չեմ կարող կիրառել նախազգուշացման միջոցները։ Ես ուզում եմ վերահաստատել, որ կիրառելու եմ այդ միջոցները, կոչ եմ անում և խնդրում եմ կրել դիմակ ԱԺ նիստերի դահլիճում․ սա ընդունեք որպես խնդրանք»,- ասաց Միրզոյանը։

Քիչ անց ամբիոնիից առանց դիմակի ելույթ ունեցավ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Արարատ Միրոյանը նախազգուշացում հայտարարեց: