ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ

ԵՐԵՎԱՆ, նոյեմբեր 6 24News

Thumbnail

2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ հոկտեմբերին, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 1.8% գնաճով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.4%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.3%-ով: Մայրաքաղաքում արձանագրվել է սպառողական գների 0.2% հավելաճ:

2018թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.5% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և մրգի՝ համապատասխանաբար 7.6% և 3.3% գնանկումը: Բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. հոկտեմբերին, 2017թ. հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 1.5%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 7.6% գնանկում: Մրգի ապրանքախմբում 2018թ. հոկտեմբերին, 2017թ. հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 8.1% գնաճ, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.3% գնանկում:

Մայրաքաղաքում մրգի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 3.8%-ով: 2018թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 6.1%: Վերը նշված ապրանքախմբերը, սպառողական զամբյուղում ունենալով 8.36% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.6 տոկոսային կետով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2018թ. հոկտեմբերին, 2017թ. հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 13.5%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.3% գնանկում: