ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նկատել է, որ Հայաստանը շարունակում է գազ ստանալ Իրանից և դա սանկցիաների ռեժիմում դեռ չի տեղավորվում.
«Որոնք են այն ռիսկերը, որ որոշ ժամանակ հետո սանկցիաները կվերաբերվեն նաեւ հայ-իրանական այդ ապրանքափոխանակության խնդրին: Արդյոք մենք ունենք համաձայնագրերին արդեն միացած իրավիճակ, որը շատ ավելի սրվելու դեպքում կարող է արդեն մեր պարտավորություններից բխեցնի, որ մենք պետք է տեղավորվենք այդ սանկցիաների տիրույթում»,-Մելքումյանը հարցն ուղղել է ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանին:
«Հստակ ներկայացնում ենք մեր մտահոգությունները, փորձում ենք բաց երկխոսության միջոցով խոսել բոլոր զգայուն հարցերի մասին, որոնք կարող են ի հայտ գալ: 2008 թվականից ի վեր իրականացնում ենք «գազ էլեկտրականության դիմաց» գործարքը: Այդ գործարքով ոգեւորված են նաեւ մեր երվրոպացի գործընկերները, որոնք փորձում են նմանատիպ մի բանաձեւով աշխատել Իրանի հետ:
Մենք միշտ հավատարիմ ենք եղել միջազգային պատժամիջոցների ռեժիմին, բայց մյուս կողմից շատ էական է, որ մեր գործընկեր պետությունները առավելագույնս ընկալեն այն խոցելիությունը, որ բաժին է հասել Հայաստանին որպես ծով ելք չունեցող երկիր: Ես հույս ունենք, որ այդ քննարկումների միջոցով մենք կկարողանանք ունենալ մի իրավիճակ, որը որեւէ կերպ չի սպառնա մեր առեւտրատնտեսական փոխգործակցությանը, մասնավորապես Հայաստան-Իրան հարաբերություններին»,-պատասխանել է Նազարյանը:
Անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հեռանկարին, ինչպես նաև շրջանառվող այն թեմաներին, որ նախագիծը շահութաբեր չէ, փոխնախարարի պաշտոնակատարը պատասխանել է․
«Երկաթուղու հարցը դժվար է կանխատեսել, թե երբ կկառուցվի: Ես չեմ կարծում, որ այդ հարցը դուրս է եկել երկկողմ հարաբերությունների օրակարգից, բայց այստեղ հարցը գտնվում է մասնագետների դաշտում, քանի որ խոսքը շատ բարդ ու համապարփակ հաշվարկների մասին է: Այստեղ մենք պետք է ապավինենք մեր մասնագետների փորձառությանը»,-ասել է Նազարյանը:
Արձագանքելով փսխնախարարի պաշտոնակատարի հայտարարությանը՝ Միքայել Մելքումյան հիշեցրել է, որ Ադրբեջանն այսօր Իրանի տարածքում Ռաշտ-Աստարա երկաթուղի է կառուցում: