300 մլն դոլարի կեղծիք. ինչպե՞ս է կանխվել երկրի ամենախոշոր ֆինանսական մեքենայության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Մոսկվայաբնակ հայազգի գործարար Լևոն Մարկոսի անունը հեղափոխությունից հետո կրկին հայտնվեց հայկական մամուլի ուշադրության կենտրոնում։ Հիշեցնենք, որ նա մեղադրում է նախկին իշխանությունների մի քանի կարկառուն ներկայացուցիչների, այդ թվում՝ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին «Կրեդիտ Երևան» բանկի բաժնետոմսերն իրենից խլելու մեջ։ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից գրեթե անմիջապես հետո Հատուկ քննչական ծառայությունում Մարկոսի հաղորդման հիման վրա հարուցվեց քրեական գործ, ավելին, տեղի ունեցավ նրա և նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ չորս և կես ժամ տևած առերեսումը։ Մոտ երկու տարի քրեական գործում իր համար ձեռնտու առաջընթաց չնկատելով՝ Մարկոսը վերջին շրջանում հայկական մամուլում ակնհայտ պատվիրված հոդվածներով բողոքում է, որ, չնայած հարուցված քրեական գործին, դեռ չկան մեղադրյալներ, իսկ գործն էլ տեղից չի շարժվում։

24News-ին այս գործի հետ կապված մի քանի աղմկահարույց փաստեր են հայտնի դարձել, որոնք վկայում են այն մասին, որ գործը ոչ թե տեղից չի շարժվում այն պատճառով, որ չկան համապատասխան ապացույցներ, այլ այն պարզ պատճառով, որ 2000-ականների սկզբին կանխվել է Հայաստանի բոլոր ժամանակների ամենամեծ ֆինանսական զեղծարարության փորձը, որը մտածել, ձեռնարկել է հենց Մարկոսը, ինչի արդյունքում բռնվել ու պատժվել է։ Մեր տեղեկություններով քննությանը հայտնի են դարձել մի քանի մանրամասներ, որոնք խոսում են նրա կատարած հանցագործությունների մասին։

Այսպես, ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, Մարկոսի հանդեպ Հայաստանում քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսացել Համաշխարհային բանկի կողմից տրված տեղեկանքը, որով պարզ է դարձել, թե նա իր բանկով 300 մլն դոլարի կեղծ պարտատոմսեր է թողարկել՝ փորձելով այս կերպ իրականացնել Հայաստանի պատմության ամենախոշոր ֆինանսական մեքենայությունը։ Որպեսզի հստակ լինի, թե ինչ էր նշանակում 2001-2002 թթ.-ին այդպիսի խոշոր գումարի  ֆինանսական պարտատոմսեր թողարկելը, պետք է հիշեցնենք, որ այդ տարիներին ՀՀ պետական բյուջեն գրեթե 600 մլն դոլար էր։ Ինչևէ, վերադառնանք Մարկոսի պատմությանը։ Վերջինս, գրեթե վստահ լինելով իր անպատժելիության վրա, փորձել է այդ պարտատոմսերը վաճառել միջազգային խոշոր բանկերին, ու, չհասկանալով, որ Համաշխարհային բանկը չի զբաղվում առևտրային գործունեությամբ, հայտ է ուղարկել նաև այնտեղ։ ՀԲ-ն էլ, զարմանալով մեր երկրից ստացված այս փաստաթղթի բովանդակությունից, Հայաստանի կառավարությանը համապատասխան հարցում է անում՝ փորձելով հասկանալ, թե այդ ինչ հզոր կազմակերպություն է, որ աղքատ երկրում նմանատիպ ֆինանսական պարտատոմսեր է թողարկում։  

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դրանից հետո արդեն Կենտրոնական բանկը ստուգում է տեղեկատվությունն ու պարզում, որ երկրում ծրագրվում է բոլոր ժամանակների խոշորագույն ֆինանսական մեքենայությունը։ Բնականաբար, բացահայտումից անմիջապես հետո Կենտրոնական բանկն իր լիազորությունների շրջանակներում զրկում է Լևոն Մարկոսին բանկային լիցենզիայից, միևնույն ժամանակ հարուցվում է քրեական գործ։ 

Այս աղմկահարույց պատմության մեջ մեզ հայտնի է դարձել նաև այլ հետաքրքիր մանրամասնություն։ Պարզվում է, որ Լևոն Մարկոսն այդ բանկը նախկին սեփականատեր Մարտին Հովհաննիսյանից գնել է գրեթե սննկացած վիճակում՝ չկազմելով պատշաճ առուծախի պայմանագիր։ Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ որքան էլ որ զավեշտալի է թվում, բանկային այս գործարքը կնքվել է անձեռոցիկի թղթի վրա, ձեռագիր ձևակերպմամբ։ Հասկանալի էր, որ Մարկոսի խնդիրը ոչ թե բանկը սննկացումից փրկելն էր, այլ ուղղակի ֆինանսական մեքենայության համար հարմար հենարան ունենալը։

Ավելին, քանի որ վերջինս Կենտրոնական բանկի հետ պայմանագիր էր կնքել, որ պատրաստվում է սննկացած վիճակում գնված բանկի բոլոր պարտավորությունները վճարել, ֆինանսական ավանտյուրայի բացահայտումից հետո դատարանի որոշմամբ կալանավորվում է Մարկոսի անձնական գույքը Երևանում, և դրանից ստացված գումարով փակվում է բոլոր ավանդատուների գումարները մինչև վերջին մարդ։ 

24News-ի՝ իրավապահ համակարգում գտնվող աղբյուրները հայտնում են, որ Հատուկ քննչական ծառայությունը Կենտրոնական բանկից պահանջել ու ստացել է տեղեկանք, որն ապացուցում է Մարկոսի ծրագրած ֆինանսական մեքենայության իսկությունը։ Եվ քանի որ բավական երկար ժամանակ է անցել, և նրա գործած հանցագործությունն էլ ունի վաղեմության ժամկետ, Երևանում նրա նկատմամբ քրեական գործ չեն հարուցում, ինչի հիմքերն ավելի քան բավարար են։ 

Ստացվում է, որ հեղափոխությունից հետո հայտնվում են բազմաթիվ ավանտյուրիստներ, որոնք փորձում են լուծել իրենց հին հաշիվները քաղաքական բարենպաստ պայմաններում, սակայն քննչական գործողություններից հետո, եթե լինի արդարություն, իրենք պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին, որին Մարկոսը մեկ անգամ չէ, որ նստել է։ Մեր տեղեկությունների համաձայն՝ նա հանցագործություն կատարելու համար ազատազրկվել է նաև Ռուսաստանում։