Հանրագիր է ներկայացվել կառավարությանը հարցով պաշտոնական դիրքորոշում ստանալու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

արազոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արձագանք արդարադատության նախարարությանը

Արդարադատության նախարարությունը ներկայացված տեսաուղերձիս վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել հայտարարելով՝ «Ուստի, տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ Կոնվենցիան չի պարունակում։ Ինչ վերաբերում է շահարկվող այսպես կոչված «եվրոպական չափանիշներին», որը պարզվեց փորձագիտական մի առաջարկ է ուղղված պետություններին, ապա մտահոգությունները փարատելու համար կրկին ժխտում ենք թե՛ դրանց կապը Կոնվենցիայի հետ, և թե՛ դրանց կիրառելիության հնարավորությունը մեր երկրում։»:

Ես և շատ ծնողներ սպասում էինք գործադիր իշխանության իրավասու մարմինների պաշտոնական խոսքին՝ սեռական կրթության «եվրոպական չափանիշների» կիրառելիության հնարավորությունը բացառելու վերաբերյալ: Այս առումով, շնորհակալ եմ արդարադատության նախարարությանը նման դիրքորոշում հայտնելու համար:

Այդ անհանգստությունն առաջացել էր, քանի որ Կոնվենցիայի բացատրական զեկույցի 62-րդ կետը նշում է՝ «Սեռական շահագործման կամ սեռական ոտնձգության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը բնականոն սեռականության ընդհանուր համատեքստից դուրս կարող է վնասակար լինել երեխաների համար։ Հետևաբար, սեռական շահագործման և սեռական ոտնձգության ռիսկերի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի սեռական կրթության ընդհանուր համատեքստում։ ..»:

Ցավոք, արդարադատության նախարարությունը պարզաբանումը ներկայացրել է նաև որոշ անձնավորված շեշտադրումով: Մասնավորապես պարզաբանումից տպավորություն է ստեղծվել, որ Լանզարոտեի կոնվենցիայի՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում քննարկմանը մասնակցելու իրավունք և հնարավորություն ունենալով, չեմ մասնակցել: Իրականությունը նա է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նիստին հրավիրված եմ եղել հանձնաժողովի նախագահի կողմից փաստաբանությանն առնչվող երեք հարց քննարկելու համար:

Մեր հարցերի քննարկման ժամանակ ներս ենք հրավիրվել, և երբ ավարտվել է, դուրս ենք եկել: Ցավոք, տեղեկացված չեմ եղել և դուրս գալու ժամանակ էլ չեմ լսել (ուշադրություն չեմ դարձրել), որ Լանզարոտեի կոնվենցիան է քննարկվելու: Բացի այդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանձնաժողովի հրապարակային նիստին կարող էի մասնակցել միայն հրավերի դեպքում:

Լանզարոտեի կոնվենցիայի հետ կապված հրապարակային քննարկում ներկայացնելու անհրաժեշտությունը ընդգծել եմ, քանի որ նման զգայուն թեմաները միշտ էլ հիմնավոր կամ անհիմն հարցեր են առաջացնում, որոնց պետք է պատասխանել: Կառավարությունն այս առումով պետք է համբերատար գտնվի և փորձի քննարկումն ապահովել կառուցողական դաշտում:

Հ.Գ. 1. Կրթության ոլորտի պատասխանատու նախարարության պաշտոնական խոսքին դեռ սպասում ենք:

Հ.Գ. 2 Այսօր հանրագիր է ներկայացվել կառավարությանը այս հարցով պաշտոնական դիրքորոշում ստանալու կապակցությամբ»: