Կազատվենք երեխաների առողջությունը վտանգող աշխատակիցներից․ կոմպրոմիսային լուծման չենք գնա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

Քրոնիկ հիվանդություններ ունեցող և ռիսկային գոտում գտնվող մանկապարտեզների աշխատակիցները չեն կարող ներկայանալ աշխատանքի։ Նրանց աշխատավարձը 100 տոկոսի չափով կվճարվի։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«Աշխատակիցները, ովքեր այդ խմբում չեն և իրենց խմանակալության տակ չունեն հիվանդ մարդիկ, այլ ուղղակի իրենց ապահովության համար չեն ուզում գալ աշխատանքի՝ նրանք չեն վճարվի 100 տոկոսով, կվճարվեն ըստ հարկադիր պարապուրդի։ Այն աշխատակիցները, ովքեր հասկանալով պահի լրջությունը կգան աշխատանքի ՝ կվճարվեն 100 տոկոսի չափով և մենք կգտնենք տարբերակներ հավելյալ խրախոսումներ տրամադրելու»,- ասել է փոխքաղաքապետը։

Նա ընդգծել է, որ շատ արագ կազատվեն այն աշխատակիցներից, ովքեր չեն ենթարկվի  կանոններին և կվտանգեն երեխաներին։

Վիրաբյանը նաև  բացառել է ծնողների մուտքը մանկապարտեզներ․

«Աշխատակիցները դուրս են գալու, հեռավար ջերմաչափում են անելու և համոզվելով, որ երեխան տաքություն չունի ընդունելու են  մանկապարտեզ։ Հորդորում եմ բոլոր ծնողներին այդ ժամանակահատվածում լինել  համբերատար, որովհետև մեկ մուտքով մոտ 100 երեխա մուտք են գործելու մանկապարտեզ»։

Փոխքաղաքապետը հայտնել է նաև, որ երեխաները ջերմաչափվում են մանկապարտեզի ժամին ավարտին։