Ֆիրդուսի թաղամասում ևս 19 անշարժ գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչվեց
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Կառավարությունը Երևան քաղաքի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետական ու համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին որոշում կայացրեց։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի գլխավոր հատակագծով նախատեսվում է Ֆիրդուսի թաղամասի վերակառուցման և կառուցապատման աշխատանքներ, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է թաղամասին հարող որոշ տարածքների նկատմամբ (թվով 18 միավոր գույք՝ նախկին «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լոտում և 1 միավոր գույք՝ նախկին «Կարս Քոնսթաքշն» ՍՊԸ-ի լոտում) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:
Ընդհանուր առմամբ Ֆիրդուս թաղամասում առկա է եղել մոտ 373 օտարման ենթակա գույք, որից «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի կողմից տարածքի սեփականատերերի հետ նախկինում կնքվել էր թվով 202 պայմանագիր:
ՀՀ Կառավարության 22.03.2018թ. թիվ 332-Ն որոշմամբ Տարածքում առկա էր դեռևս չօտարված 171 գույք, որից ներկա պահին առկա է չօտարված 39 գույք, որից 5 միավոր գույքի իրացման անհրաժեշտությունը բացակայում է, 14-ի մասով ընթանում են դատական գործընթացներ, իսկ մնացյալ 20-ի մասով անհրաժեշտ է գերակա շահի նոր որոշում:
«Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լոտում առկա թվով 18 միավոր գույքերի սեփականատերերին ուղարկվել է օտարման պայմանագրերի նախագծերը: