Արմավիր քաղաքի «պատուհաս» դարձած խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «BMW»-ն. կա 6 վիրավոր

10/06/2025 12:21 Հասարակական

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Խաչատուր Աբովյան-Սահմանապահների փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes ML» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերտիվ են գործել «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները:  Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են հետիոտնի համար նախատեսված մայթին:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Հայկ Դարբինյանի գլխավորությամբ: Տարաքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աշոտ Ներսիսյանն ու Ջեմմա Երանոսյանը:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը:

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակիից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

–00–ԱՀ