«Չայնիի» ոլորաններում «BMW»-ն բախվել է «Mazda» մակնիշի բեռնատարին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Վահե Ս.-ն Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Արկադի Ռ.-ի վարած «Mazda» մակնիշի բեռնատարին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «BMW»-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը, իսկ բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց:
–00–ԱՀ