Զովունիում վթարի հետևանքով  մահացել է Երևանի ամենատարեց՝ 104-ամյա տղամարդը. կան վիրավորներ

26/05/2025 13:27 Հասարակական

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է մայիսի 24-ին Զովունի գյուղի 1-ին և 16-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  պարզվել է, որ «Mercedes»-ներից մեկը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Կ.-ն, իսկ մյուս «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Կարեն Ա.-ն:

Վթարի հետևանքով Գևորգ Կ.-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 104-ամյա Գրիգոր Ա.-ն, 60-ամյա Սուսաննա Ա.-ն և 69-ամյա Մարիամ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ժամեր անց նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ Գրիգոր Ա.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկանակ կենտրոն, իսկ նշված բժշկական կենտրոնից էլ ահազանգել են ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ Գրիգոր Ա.-ն հիվանդանոցում մահացել է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի Զովունի բնակավայրի վարչական տարածքում բախվել էին 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Բախման հետևանքով «Mercedes»-ներից մեկը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանն ու բնակչի տան քարե և ցանցե պարսպին:

–00–ԱՀ