Հունիսի 1-ին մինչև 15 տարեկանների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2025թ. ընթացքում Երևանի կենդանաբանական այգու տարածքում իրականացվել և այս պահին շարունակվում են գործող, ինչպես նաև նոր ենթակառուցվածքների և ճեմուղիների ընթացիկ վերանորոգման, կառուցման, բարեկարգման մի շարք կարևոր աշխատանքներ: Ծրագրով արդիականացվել են նաև կենդանիների ազատավանդակները: Արդեն մի քանի օրից այգու այցելուները կկարողանան տեսնել նաև ցուցադրվող նոր մի քանի կենդանատեսակ, որոնք նախկինում չեն ցուցադրվել:
Շաբաթ, կիրակի և տոն օրերին մետրոյի Երիտասարդական կայարանի դիմաց գտնվող Կենդանաբանական այգու կանգառից դեպի այգի և հետադարձ ուղղությամբ գործում է անվճար ավտոբուսային երթուղի, որի չվացուցակին կարելի է ծանոթանալ Կենդանաբանական այգու կայքէջից և սոցիալական էջերից:
Հունիսի 1-ին, ի դեպ, Կենդանաբանական այգում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ: Նշենք, որ մինչև 15 տարեկան երեխաների մուտքն այդ օրը կլինի անվճար:
–00–ԱՀ