Բյուրեղավանի վարչական ղեկավարի Կոմունալի բաժնի պետի աթոռի տակ մարտական նռնակ են տեղադրել
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Այսօր` մայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավան վարչական շրջանի ղեկավարի 2-րդ վարչական շենքում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ են տեղադրել:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանն ու Վահե Մուշեղյանը, Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները:Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մարտական նռնակը հայտնաբերվել է նշված վարչական շենքի` ժողովրդին հայտնի կոմունալի պետ Վոլոդյա Հայրապետյանի աշխատասենյակում, և հենց նա էլ հայտնաբերել է նռնակը, երբ ժամանել է աշխատանքի, աթոռը քաշել է, որպեսզի նստի և նկատել է նռնակը:
Դեպքի մասին ոստիկանության Բյուրեղավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
–00–ԱՀ