Ավտովթար՝ Աբովյան քաղաքում. բախվել են «BYD»-ն, «Mitsubishi Grandis»-ը, «ՎԱԶ»-ը և «Mercedes»-ը

Այսօր՝ մայիսի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են 39-ամյա Ռոման Գրիգորյանի վարած «Mercedes» մակնիշի, 27-ամյա Հարություն Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 217230» մակնիշի, 34-ամյա Սեյրան Առուշանյանի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի և 19-ամյա Գոռ Գրիգորյանի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանլ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացնում են հերթապահություն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարկեները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ:

Այս պահին պարեկները պարզում են՝ արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ, քանի որ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների մի մասն ասում էր, որ վիրավորներ կան, մյուս մասը նշում էր, որ չկան:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

–00–ԱՀ