30-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա բախվել «ГАЗ 3102»-ին

Երեկ՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 121 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գեղամ Համբարձումյանը իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենայով, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա դեպի Երևան ընթացող, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Վահե Ասլանյանի վարած «ГАЗ 3102» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Աթաբեկյանը և Հովհաննես Աբրահամյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

–00–ԱՀ