«Կամազ»-ը հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ճաքեցրել ասֆալտն ու կողաշրջվել
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում «Կամազ» մակնիշի թույլատրելի քաշով բարձված բեռնատարը Սևքարեցի Սաքոյի փողոցում ընկել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ինչի հետևանքով ասֆալտը ճաքել է և «կամազ»-ը մասամբ կիսակողաշրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասված ասֆալտի տակով անցնում է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, խմելու ջրի խողովակաշար, ինչի հետևանքով էլ այն վնասվել է ու խմելու ջուրը արդեն մի քանի ժամ է՝ անխնա հոսում է:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նվեր Վահանյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Հովհաննիսյանը: Դեպքի վայր են ժամանել նաև «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ասում էին, որ վնասված ջրախողովակը իրենց հսկողության տակ չի գտնվում, երթևեկությունն էլ նշված հատվածում դադարեցվել է:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:
–00–ԱՀ