Կենտրոնական ավտոկայանում հակասանիտարական իրավիճակ է. քաղաքապետն ու «Վեոլիա ջուր»-ը չեն արձագանքում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սիրում է հայտարարել, որ մայրաքաղաքում այնպիսի աշխատանքներ է կատարվում քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների կողմից, որ մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկները զգան, որ գտնվում են աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում, որտեղ ոչ միայն անվտանգ է, այլ նաև տիրում է իդեալական մաքրություն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Արդեն տևական ժամանակ է՝ ինչ «Կիլիկա»-ի ավտոկայանում տիրում է գարշահոտ, հակասանիտարական վիճակ։

Դիտահորերից թափվող կեղտաջրերը ողողում են ավտոկայանի ողջ տարածքը, ինչի հետևանքով տիրում  է ոչ միայն գարշահոտ, այլ նաև կողքով անքնելիս սրտխառնոց ես ապրում։

Բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․

«21-րդ դար ու նման պատկեր։ Ոչ ավել, ոչ պակաս ամենահին մայրաքաղաքացներից մեկի սրտում։ Ում ասես զանգահարել ենք, ոչ մի օգուտ, մարզերից եկող բոլոր տրանսպորտային միջոցների վերջին կանգառն այստեղ է ու հիմա ոչ միայն կեղտաջուրը, այլ նաև հարևանությամբ, տարբեր հատվածներում կուտակված աղբն է առաջինը աչքին զարնում ուղևորի, ինչու չէ նաև զբոսաշրջիկի։

Նախկինում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանին մի քանի անգամ նկատել ենք, որ անակնկալ եկել է ու իր կանտրոլի տակ էր պահում, որպեսզի նման խայտառակ վիճակ չլիներ, մինչ դեռ ներկային նախարար Դավիթ Խուդաթյանը երևի ժամանակ չունի գոնե մեկ անգամ, թեկուզ ձևական այցելի ու հետևություն անի։ Դե Երևանի քաղաքապետարանի մասին էլ խոսք չկա, նրանց երևի չի էլ հուզում այս պատկերը։

Դե «Վեոլիա ջուր»-ն էլ, ինչպես միշտ, մատների արանքով է նայում նման խնդիրների լուծմանը։ Ամոթ է։

Տուրիստները գալու են ու էս պատկերը տեսնելուց հետո ի՞նչ հիշողություններով են վերադառնալու իրենց երկրներ, գոնե հիմա դուրս եկեք ձեր տաքուկ կաբինետներից ու փորձեք խնդիրը լուծել։ Հավատացեք, եթե հրատապ խնդիրը չլուծվի, օրերը տաքանալուն պես ավելի է սրվելու վիճակը։ Մլակներն ու դիտահորերից դուրս եկող կեղտը խոլերիայի բուն են դառնալու»։
–00–ԱՀ