Ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Toyota»-ն. կա 3 վիրավոր

01/05/2025 11:01 Հասարակական

Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա-Նալբանդյան փողոցի խաչմերուկում բախվել են «Toyota» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորութամբ:  Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Ավետիսյանն ու Գեղազնիկ Շահինյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել փրկարարները:

 

–00–ԱՀ