Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Ապրիլի 25-ին Հունգարիայում ՀՀ դեսպանության և Հունգարիայի Հայ ինքնավարության կազմակերպմամբ, Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։ Այդ մասին հայտնում է Հունգարիայում ՀՀ դեսպանությունը:
Միջոցառմանը ներկա էին Հունգարիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական անձնակազմի անդամներ, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, գործադիր իշխանության, հասարակական և գիտամշակութային շրջանակների, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը խոսել է պատմական հիշողության հավերժության, այն որպես իրականություն ճանաչելու և ընդունելու կարողության ու կարևորության մասին։
Դեսպանը շեշտել է, որ ներկայիս ոճրագործությունները թարմ են պահում մեր հիշողությունները և միգուցե, եթե 110 տարի առաջ կատարվածին արժանի գնահատական տրվեր, մարդկությունը կխուսափեր հաջորդող տարիներին իրականացված և մեր օրերում իրականացվող հանցագործություններից:
Հուշ-երեկոյին ելույթներ են ունեցել Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ Ցառան Իշտվանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը:
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես են եկել երգչուհի Անի Յորենցը, երգեհոնահար Ժոլտ Մատե Մեսարոշը, դաշնակահարուհի Ռեկա Սուհանսկին:
–00—ՅՄ