Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն՝ Կիպրոսում

Ապրիլի 26-ին Կիպրոսում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանը մասնակցել և ուղերձով է հանդես եկել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը, որը տեղի ունեցավ Կիպրոսի Ոգեկոչման հանձնախմբի կողմից Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ: Այս մասին հայտնում են Կիպրոսում ՀՀ դեսպանությունից։

Արարողությանը ներկա էր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն: Ոգեկոչմանն ուղերձներով հանդես են եկել Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Կոմիտաս Արքեպիսկոպոս Օհանյանը, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը: Միջոցառման գլխավոր բանախոսն էր Եվրոպական խորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսը: Միջոցառման շրջանակներում երաժշտական ելույթով հանդես է եկել Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախումբը, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումների շարքում ապրիլի 24-ին Գերաշնորհ Տեր Կոմիտաս Արքեպիսկոպոս Օհանյանի կողմից մատուցվել է ոգեկոչման կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների, ապրիլի 26-ին Նիկոսիայում տեղի է ունեցել երիտասարդական քայլարշավ։

–00—ՅՄ