Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աթենք» մսամթերքի գործարանի մոտից հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա

Ապրիլի 21-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ «ձախ հետույքային շրջանի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։Տեղում բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո վիրավորին տեղափոխել են «Մուրացան» մանկական հիվանդանոց և շնորհիվ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի և «Մուրացան» մանկական հիվանդանոցի բուժանձնակազմերի՝ երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել։

Ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները ու ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա Ս. Ա.-ն է, ով սովորում է Երևանում հայտնի քոլեջներից մեկում, իսկ դեպքը տեղի է ունեցել Ծարավ Աղբյուրի փողոցում՝ «Աթենք» մսամթերքի գործարանի հարևանությամբ, որտեղ Երևանի բնակիչ 16-ամյա Ս. Գ.-ն, ըստ նախնական տեղեկությունների՝ անհաջող կատակելու հետևանքով, իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Ս. Ա.-ին, ինչի հետևանքով մարմնական վնասվածք է պատճառել։

Ոստիկանները ու քննիչները հայտնաբերել են նաև կասկածյալին, ով հայտնել է, որ դանակը ինքը նետել է մոտակա աղբամաններից մեկի մեջ։Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկաններն էլ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

–00–ԱՀ